26 մայիսի 2025 - 16:21 AMT
Բագրատ սրբազանը հայտարարել է փողոցային պայքարի վերսկսման մասին

«Սրբազան Պայքար” շարժումն առաջնորդող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայտարարել է փողոցային պայքարի վերսկսման մասին:

Մայիսի 25–ին տեղի է ունեցել նրա հեղինակած «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։

«3-4 ամիս է՝ կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ամբողջ տարածքով։ Ահռելի գործ ենք կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի եւ առավել քան համոզված եմ, որ վերջակետը մենք դնելու ենք», - ասել է Սրբազանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ ներկայում կանգնած են որոշում կայացնելու եզրին։

«Կան շատ փոքր հանգամանքներ, որոնք պետք է պարզվեն։ Այլ խանգարող հանգամանք գոյություն չունի։ Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ ոչ թե սխալվենք, այլ չձախողվենք։ Դրա համար էլ շատ զգուշավոր եմ՝ թե՛ խոսքում, թե՛ գործողություններում», - հավելել է նա։

Սրբազանը նշել է, որ պատրաստվում են փոխել իր հանրային ներկայության ձևաչափը։

«Արդեն հայտարարել եմ, որ դադարեցնում եմ ուղիղ եթերի ձևաչափով ժողովրդին ուղղված հանդիպումները։ Դրանք կանցկացվեն այլ վայրերում և այլ ձևաչափով», -նշել է Սրբազանն` ընդգծելով, որ 2026թ.–ի ընտրությունները պետք է անցկացվեն առանց ՔՊ–ի։