Մայիսի 24-ին Կինոյի տանը մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 30-ը՝ հանդիսատեսին ներկայացնելով Եվրոպայի տարբեր երկրների ճանաչված կինոնկարներ։ Այս միջոցառումը դարձել է եվրոպական մշակույթին ծանոթանալու, հեղինակավոր կինեմատոգրաֆիական նմուշներ դիտելու և եվրոպական ստեղծագործական մտածողությունը գնահատելու կարևոր հարթակ։
Փառատոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պետությունն ակտիվորեն աշխատում է կինոոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ և կարևորել է ԵՄ-ի հետ իրականացվող համատեղ նախագծերը, մասնավորապես՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում։
Նա վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը այսպիսի նախաձեռնությունների խթանման ուղղությամբ և հույս հայտնել, որ ծրագրի մեդիաբաղադրիչի ներգրավումը կխթանի հայ արվեստագետների կապերն ու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը՝ մշակույթի ոլորտում ունեցած շարունակական և արդյունավետ աջակցության համար։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծելով փառատոնի կարևոր դերը որպես մշակութային դիվանագիտության հարթակ, որը խորացնում է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները։
«Կինոն համընդհանուր լեզու է, որն անցնում է սահմանները՝ կամուրջ դառնալով ազգերի, մշակույթների և սերունդների միջև։ Եվրոպական կինոն արտահայտում է մարդկության կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Հայկական կինոարվեստը նշանակալի ներդրում ունի եվրոպական բազմազան մշակութային ժառանգությունում»,- ասել է դեսպանը։
Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Կինոյի տան էկրաններին ցուցադրվում են «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը՝ բնօրինակ լեզվով և հայերեն ու անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է բոլորի համար։ Փառատոնը միավորում է պատմությունը, ժամանակակից խնդիրները և արվեստը՝ ներկայացված կինոյի լեզվով՝ հանդիսատեսին հրավիրելով հաղորդակցվելու եվրոպական արժեքների և մշակութային բազմազանության հետ։