ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին տեղեկացրել է, որ Կալիֆոռնիայի և Ֆլորիդայի նահանգներում իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամի ու փոխկապակցված անձանց, հայտնում է «Հետքը»։
Հաղորդման համաձայն՝ նրանց դեմ ներկայացվել է հինգ քրեական հաղորդում։ Նրանց վերագրվող արարքների թվում են սպանության փորձ, առևանգում, տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններից, ինչպես նաև հրազենային զենքի ապօրինի պահում։ Այս գործողությունները, իրավապահների գնահատմամբ, իրականացվել են՝ սինդիկատի ազդեցությունը Սան Ֆերնանդո հովտում պահպանելու և ընդլայնելու նպատակով։
Ձերբակալվածների թվում է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ թաղամասի բնակիչ, 41-ամյա Արա Արտունին, ում մեղադրանք է առաջադրվել շորթման նպատակով սպանության փորձի համար։
Համաձայն Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան ներկայացված հաղորդման, որը նախապատրաստվել է ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի և ներգաղթի ու մաքսային մարմնի հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորի կողմից, Արտունին հանդես է գալիս նաև որպես «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»։ Նշվում է, որ նա օրինական կերպով բնակվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ Իրանի քաղաքացի է, սակայն իրավապահները ենթադրում են, որ նա իրականում ՀՀ քաղաքացի է։ Արտունին համարվում է հայկական կազմակերպված հանցավորության շրջանակում քրեական հեղինակություն և ղեկավարում է Artuni Enterprise հանցավոր խումբը։
Նրա գլխավոր հակառակորդը համարվում է 46-ամյա Ռոբերտ Ամիրյանը՝ Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից։ Նա հայտնի է նաև որպես «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» և «Սանտորո»։ Ամիրյանն էլ է ձերբակալվել մայիսի 20-ին։ Երկուսն էլ ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան։
Ֆլորիդայի Հոլիվուդ քաղաքից 50-ամյա Վահան Հարությունյանն էլ ձերբակալվել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում։ Մյուսների թվում են՝ 45-ամյա Լևոն Առաքելյանը (Լաս Վեգաս, Նևադա), ինչպես նաև 33-ամյա Իվան Բոխորկեսը՝ «Ստալ» մականունով (Գարդինա, Կալիֆոռնիա)։ Նրանք ձերբակալվել են առանձին գործերով։
Մայիսի 20-ի հաղորդագրությամբ նշվել է, որ որոնվում է ևս մեկ անձ, իսկ նույն օրվա գործողությունների արդյունքում առգրավվել է մոտ 100 հազար դոլար կանխիկ գումար, 3 զրահապատ մեքենա և 14 միավոր հրազեն։
Իրավապահները նշել են, որ հայկական հանցավոր խմբերը սերտ կապեր ունեն ռուսական մաֆիայի հետ և իրենց գործունեությունը կենտրոնացրել են Լոս Անջելեսի շրջանի վրա։
Ըստ տվյալների՝ Արա Արտունին և Ռոբերտ Ամիրյանը 2022-ից հակամարտության մեջ են մտել՝ տարածքային վերահսկողության համար։ Այս դիմակայությունն, ըստ իրավապահների, հանգեցրել է բազմաթիվ սպանության փորձերի և առևանգումների։
Արտունու դեմ մեղադրանք է ներկայացվել 2023-ի ամռանը՝ Ամիրյանի դեմ կազմակերպված սպանության փորձի հիմքով։ Իսկ Ամիրյանը, իր հերթին, ենթադրաբար, 2023-ի հունիսին համաձայնության է հասել իր խմբավորման անդամների հետ՝ առևանգելու և խոշտանգելու Արտունու մերձավորներից մեկին։
Artuni Enterprise-ի անունը շոշափվում է նաև մի շարք այլ հանցանքներում՝ սկսած 2021-ից։ Ըստ իրավապահների, նրանք իրականացրել են բանկային և էլեկտրոնային խարդախություններ, ինչպես նաև առցանց առևտրային հարթակներից՝ մասնավորապես Amazon-ից, ապրանքների զանգվածային հափշտակումներ։ Ըստ հաղորդման՝ Artuni Enterprise-ի անդամները գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր կնքել բեռնափոխադրումների համար, ապա շեղվել երթուղուց և գողացել ամբողջ կամ մասամբ ապրանքները։
Amazon-ը նախնական հաշվարկով հայտնել է, որ կորցրել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք։ Բացի այդ, կազմակերպությունն իրականացրել է բանկային քարտերով խարդախություններ՝ փոխանցումներ իրականացնելով շինծու բիզնեսների հաշվին, այնուհետև գումարներն արագ հանել այդ հաշիվներից՝ կանխելով հետվերադարձի հնարավորությունը։
«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին։
Նա հավելել է. «Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»։
Եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, մեղադրյալներին սպառնում է նվազագույնը 10 տարվա ազատազրկում, իսկ առավելագույնը՝ ցմահ դաշնային բանտում։
Հաղորդվել է նաև, որ այս գործողությունն իրականացվել է «Վերադարձնենք Ամերիկան» (Take Back America) ծրագրի շրջանակում, որը համազգային նախաձեռնություն է՝ ուղղված անօրինական ներգաղթի կասեցման, կարտելների և անդրազգային հանցավոր կազմակերպությունների լիարժեք վերացմանն ու ամերիկյան հասարակության պաշտպանությանը։
Թեև արդարադատության դեպարտամենտը հայտարարել է 13 ձերբակալվածի մասին, մայիսի 14-ին դատարան ներկայացված հաղորդման մեջ խոսվում է 16 անձի մասին, որոնց ձերբակալման համար դատական հրամաններ են հայցվել։
Բացի Արտունուց, Ամիրյանից, Վահան Հարությունյանից, Լևոն Առաքելյանից և Իվան Բոխորկեսից, հաղորդման մեջ նշվում են նաև՝ Սևակ Գզրարյան («Սեկո»), Միքայել Ստեփանյան («Մկո», «Մայք»), Արթուր Հարությունյան («Արթուր», «Բուլ»), Ռենցո Ֆրանցիսկո Էգիլուս («Տեմպեր»), Դավիթ Հազրյան («Դավո», «Դավ»), Վահագն Ստեփանյան («Վի», «Վովա Տիտով», «Յուհա Ալվեր»), Քրիստիան Սեդանո, Ալեքս Ագոպյան («Ալիկ»), Մանուկ Մանուկյան, Արվին Ալբերտ Կազարյան («Արթուր», «Արտ»), Արեգ Բեզիկ («Էլվիս Նարեկ», նախկինում՝ «Նարեկ Բեզիկյան»)։
Նրանց տարբերաբար վերագրվում են սպանության փորձ, առևանգում, խոշտանգում, բեռնափոխադրումների խարդախություններ, հրազեն պահելու իրավախախտումներ և ֆինանսական հանցագործություններ։