26 մայիսի 2025 - 17:50 AMT
ՀՀ–ն կրկին կմասնակցի փախստականի կարգավիճակով ֆուտբոլիստների Unity EURO Cup-ին

Հայաստանը կրկին պատրաստվում է մասնակցել փախստականների համար անցկացվող միջազգային ֆուտբոլային մրցաշարին՝ Unity EURO Cup 2025-ին։

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին, հայտնում է Aysor.am-ը։

Վերջինս UEFA-ի ու UNHCR, the UN Refugee Agency-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

«Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝ 18-40 տարեկան է, զբաղվել է ֆուտբոլով, ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ, ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում, ունի ճամփորդական փաստաթուղթ, պատրաստ է հատկացնել շաբաթական երկու օր երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար, պատրաստ է հոկտեմբերին երեք օրով մեկնել Նիդերլանդներ»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։