ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական հաստատություն ընդունվելու համար գրանցվելու հստակ ժամկետ է սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների համար (երեխաներ, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ հաստատությունում)։ Նրանք կարող են դիմել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը։
Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին, հայտնում է Արմենպրեսը։
«Երևանի քաղաքապետարանի կայքում գործում է հերթագրման առցանց համակարգ։ Ընդունելության կարգով մենք արել ենք մի կարգավորում, որպեսզի հնարավոր լինի ապահովել առաջնահերթություն ունեցող և մյուս երեխաների կրթության իրավունքը։ Հստակ ժամկետ ենք սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների գրանցման համար։ Նրանք կարող են գրանցվել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, ինչը նշանակում է, որ, եթե առաջնահերթություն ունեցող երեխային չեն գրանցում մինչև սահմանված ժամկետը, բոլոր երեխաները ընդհանուր հիմունքներով են գրանցվում»,-շեշտել է Անդրեասյանը։
Նախարարն ընդգծել է, որ բազմաթիվ դժգոհություններ են ստացվում այն մասին, թե առաջնահերթություն ունեցող երեխաների թիվը երբեմն այդքան մեծ է, որ մյուս երեխաները զրկվում են գրանցվելու հնարավորությունից՝ առաջացնելով կրթության իրավունքի խախտման խնդիր։
«Լուծումներից մեկը որոշակի քվոտաներ սահմանելն է առաջնահերթություն ունեցող երեխաների համար, որպեսզի նաև մյուս երեխաները կարողանան իրացնել նախադպրոցական կրթությունից օգտվելու իրենց իրավունքը»,-ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ կառավարության խոշոր նախաձեռնություններից մեկն է 500 մանկապարտեզների ծրագիրը։
«Երևանում վերջին տարիներին բազմաթիվ մանկապարտեզներ ենք վերանորոգել, վերակառուցել, ամբողջությամբ նոր կառուցել, և քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Խրախուսում ենք նաև մասնավոր մանկապարտեզների թվի աճը։ Հիմա նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ են ընթանում, որոնք հնարավորություն կտան գործել ավելի ճկուն պայմաններում և ապահովել ծառայությունների որակը»,-եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։