27 մայիսի 2025 - 16:04 AMT
Ռուբինյան․ Անվտանգության մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում։

Նա նշել է, որ ավելի քան երեսուն տարի Հայաստանի անվտանգությունը հիմնված է եղել միայն մեկ աղբյուրի՝ Ռուսաստանի և այդ երկրի գլխավորած անվտանգային կառույցների վրա, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի նախորդ կառավարությունները, նաև 2020 թվականի պատերազմից առաջ մեր կառավարությունը, մտածում էին, որ սա բավարար է Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար, սակայն իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում, որովհետև, երբ ժամանակը գալիս է, և անվտանգային կազմակերպությունները և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։

Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում։ Որպես արդյունք՝ տեղի են ունեցել էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի մոտ 200 քկմ սուվերեն տարածք։

Եվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն իր անվտանգության ռազմավարությունը դիվերսիֆիկացնելու կարիք ունի, բայց ոչ միայն անվտանգության ռազմավարությունը»,-մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում որդեգրել է հավասարակշռված մոտեցում, որի նպատակը անվտանգության քաղաքականության բազմազանեցումն է։ Սա ներառում է խորացող հարաբերություններ Եվրամիության հետ, ամրապնդվող համագործակցություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։

«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հնդկաստանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում գնալով ավելի է խորանում»,- ասել է Ռուբինյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։