27 մայիսի 2025 - 16:19 AMT
ԱԺ–ն քննարկում է տրանսպորտային մասերի գողության պատժաչափը խստացնող նախագիծը

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է տրանսպորտային մասերի գողության պատժաչափը խստացնող նախագիծը, որը մայիսի 27–ի նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, այն է՝ արարքը կդիտարկվի ոչ թե որպես «ոչ մեծ ծանրության», այլ «միջին ծանրության» հանցանք:Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով, հայտնում է 1lurer.am-ը։

Փոխնախարարի խոսքով՝ վերջին տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ տվյալ հանցագործությունը ոչ միայն լայն տարածում ունի, այլև գտնվում է կայուն աճի միտման մեջ, իսկ իր վտանգավորությամբ արդեն չի համապատասխանում «ոչ մեծ ծանրության» հանցագործության սահմանմանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե քանի դեպք է արձանագրվել, երբ մեքենայի լուսարձակ գողացողը հայտնաբերվել է։

«Օրինակ` եթե ունես Porsche Cayenne ավտոմեքենա, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն ոչ մի դեպքում չի ապահովագրի, քանի որ, 90 տոկոս դեպքերում, որտեղ կանգնեցնես, տանելու են»,–ասել է նա։

Փոխնախարարն արձագանքել է՝ կատարված հանցագործությունների 30 տոկոսի մասով հայտնաբերված անձինք կան, բայց խնդիրն այն է, որ միևնույն անձը կարող է նույն հանցագործությունը մի քանի անգամ կատարել:

«Հակված ենք մտածելու, որ պետք է ավելի խիստ խափանման միջոցներ կիրառել, որովհետև 30-ից ավելի դրվագներ էլ ենք ունենում, որ նույն անձը կատարում է արարքը, հայտնաբերվում է, ձերբակալվում է, խափանման միջոցն ազատազրկման հետ կապ չի ունենում, և այդ անձը շարունակում է կատարել գողություն: Թերևս ունենք մեծ խնդիր այստեղ»,- ասել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ խստացման արդյունքում քննիչները որպես խափանման միջոց կարող են դիտարկել նաև կալանքը: