27 մայիսի 2025 - 16:27 AMT
Անհատ բեռնափոխադրողները հավասար պայմաններ և Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Մի խումբ անհատ բեռնափոխադրողներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով կառավարության արձագանքն իրենց մտահոգություններին։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի բեռնատիրոջ շրջանում տարածված է տեղական բեռնափոխադրողներից խուսափելու միտումը, ինչի հետևանքով իրենք դժվարություններ են ունենում պատվերների ապահովման հարցում, հայտնում է Panorama.am-ը։

«Մեր ցանկությունն այն է, որ պարոն վարչապետի հետ հանդիպենք, ներկայցնենք, ինչ է, ոնց է։ Եթե այլազգիները պիտի գան մտնեն մեր երկիր, մենք էլ կանգնած մնանք, ճամփա կփակենք»,-ասել է նրանցից մեկը։

Բողոքի մասնակիցներից մեկն էլ նշել է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումներին։ Իրենց ներկայացմամբ՝ իրենք հանդիսանում են անհատ ձեռներեցներ, որոնք բեռնատար մեքենաներ են գնել վարկային միջոցներով՝ ներմուծողներից ու արտահանողներից փոխադրումներ իրականացնելու ակնկալիքով։

Նրանց պնդմամբ՝ շուկայում ներկայումս ստեղծվել է անհավասար մրցակցային վիճակ, երբ տեղական անհատ բեռնափոխադրողները հարկային ու վարկային պարտավորությունների բեռով ստիպված են մրցել օտարերկրյա ընկերությունների հետ։

«Մենք բեռի տիրոջն առաջարկում ենք, օրինակ, 2500 դոլար, վրացին առաջարկում է 2300 դոլար, քանի որ նա Հայաստանում հարկային, վարկային պարտավորություններ չունի։ Դրա համար մենք առաջարկում ենք, որ սահմանվեն հավասար պայմաններ, պատվիրատուն էլ որոշի, թե ում մեքենայով է բեռը ցանկանում տեղափոխել»,-ասել է ակցիայի մասանկիցը։

Անհատ բեռնափոխադրողները հայտարարել են, որ ակնկալում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում կփորձեն ներկայացնել խնդիրը, ինչպես նաև առաջարկել իրենց տեսլականով հնարավոր լուծումներ։

Վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվել նաև կոնյակագործները՝ պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից իրականացվող գործողություններով։ Վրաստանը, լինելով տարանցիկ երկիր, իր հայեցողությամբ փորձանմուշներ է վերցրել տարբեր գործարանների կողմից արտահանվող ալկոհոլային արտադրանքից, չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքը ուղղակիորեն չի մատակարարվում վրացական շուկա։ Հայ արտադրողները դա որակել են որպես անհիմն միջամտություն՝ առաջացնելով արդարացի դժգոհություն։