Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն հերթական դեպքն է բացահայտվել. քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են կատարվում, հայտնում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ քրեական վարույթը կրկին վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն, և ըստ տեղեկությունների՝ այն չի կապվում նախկին գործերի հետ, այսինքն՝ խոսքը հերթական դրվագի մասին է։ Ավելին, հայտնի է դարձել, որ կան նաև ձերբակալվածներ։
Քաղաքապետարանից, սակայն, հայտնել են, որ ենթադրյալ ձերբակալված անձը նախկինում աշխատել է քաղաքապետարանում, բայց շուրջ երկու ամիս առաջ ազատվել է աշխատանքից։
«Վերջին շրջանում քաղաքապետարանը շարունակ հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն՝ հղում կատարելով ՀԿԿ-ի տվյալներին, հայտնել է, որ 2025 թվականի ընթացքում միայն չավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը քաղաքապետարանի, համայնքային կառույցների և վարչական շրջանների շրջանակում հասնում է 9-ի։
Միևնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ձերբակալվածների մեծ մասն աշխատում է միջին օղակներում, ինչն առաջ է բերում հարց՝ ինչու պատասխանատվության չեն ենթարկվում բարձր օղակի պաշտոնյաները։ Սա կամ վկայում է, որ վերադաս ղեկավարները տեղյակ չեն եղել կատարվողից, կամ էլ կոռուպցիոն գործողությունները տեղի են ունեցել հենց նրանց թողտվությամբ։ Արդյունքում՝ ամենաէական պատասխանատվությունը մնում է միջին օղակի աշխատակիցների վրա, մինչդեռ որոշիչ դերն ունեն հենց բարձրաստիճան պաշտոնյաները»,–ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե արդյոք քաղաքական պատասխանատվության հարց չի բարձրացվի, հնարավո՞ր է, որ հրաժարականի հարց բարձրացվի, պարզվել է՝ հրաժարականի հարց օրակարգում չկա։
«Ցանկացած պարագայում քաղաքապետարանի համար նման գործելակերպն անընդունելի է և բոլոր այն մարդիկ, որոնք խաղի կանոններով չեն աշխատի, այսինքն՝ օրենքով չեն աշխատի, բնականաբար, պետք է օրենքով պատժվեն՝ բնականաբար հարգելով անմեղության կանխավարկածը»,- ասել են Երևանի քաղաքապետարանից։