27 մայիսի 2025 - 16:56 AMT
Զախարովա․ ՌԴ–ն մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանվածներին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ ՌԴ–ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այն կհատկացվի Ռուսաստանի Հումանիտար առաքելության կողմից։

«Մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում», — վստահեցրել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Զախարովայի խոսքերով, Հայաստանում այդ հարցերով զբաղվում է «Եվրասիա» անկախ ոչ առևտրային կազմակերպության հանրապետական մասնաճյուղը։

Նա հիշեցրել է, որ նախկինում ՌՀՄ-ն արդեն ուղարկել է մարդասիրական օգնություն Հայաստան․ մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերին Արցախի տեղահանվածներին մատակարարվել է վեց տոննա պարենային ապրանքներ և անհատական հիգիենայի պարագաներ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։