27 մայիսի 2025 - 18:10 AMT
2022-24թթ․ ՀՀ-ում հայտնաբերվել է ԱՊՀ-ում հետախուզվող 700 անձ

2022-24թթ․ ՀՀ-ում հայտնաբերվել է ԱՊՀ-ում հետախուզվող 700 անձ։ Այդ մասին Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Ընդհանուր առմամբ, 2022-2024 թվականների ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ անդամ բոլոր պետությունների կողմից միջազգային հետախուզման ենթակա անձանց թիվը գերազանցել է 160 հազարը։

2024 թվականի ընթացքում Հայաստանի ՆԳՆ-ն միջպետական հետախուզման հայտ է ներկայացրել ավելի քան 1200 անձի վերաբերյալ։ Նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմել է 867 մարդ՝ 2023 թվականին, և ավելի քան 1400 մարդ՝ 2022 թվականին։

Փոխնախարար Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ համագործակցություն է ծավալել ԱՊՀ անդամ երկրների հետ՝ Հայաստանում հայտնաբերված հետախուզվող անձանց փոխանցման ուղղությամբ։