Հայաստանը մասնակի շրջափակման մեջ է` անկախություն ձեռք բերելուց ի վեր, բայց հիմա Երևանը փորձում է փոխել Հարավային Կովկասի տարածաշրջանի դինամիկան, որն ինքնին կփոխի ինչպես եվրոպական ավելի լայն տարածաշրջանի դինամիկան, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի դինամիկան։ Այդ մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
Նա ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ բացատրելով, թե ինչ քայլեր են անհրաժեշտ՝ տարածաշրջանի զարգացման ընթացքը վերափոխելու համար։
«Այս պահին մենք ունենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու եզակի հնարավորություն։ Մենք ունենք իրավիճակ, երբ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը պարտավոր չեն որևէ բան զիջել։ Մենք ունենք խաղաղության պայմանագրի տեքստ։ Բանակցություններն ավարտվել են։ Եվ մենք ունենք պատմական հնարավորություն ստորագրելու և վավերացնելու այս խաղաղության պայմանագիրը։ Մենք ունենք պատմական հնարավորություն՝ ապաշրջափակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները, ինչը նշանակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հաղորդակցությունները, նաև Հայաստանի և Թուրքիայի միջև բոլոր հաղորդակցությունները։ Եվ սա կփոխի Հարավային Կովկասի ողջ դինամիկան, ամբողջ անվտանգության ճարտարապետությունը։
Եվ քանի որ մենք քննարկում ենք թեման, թե ինչպես կարող են փոքր երկրները կողմնորոշվել այս անհանգիստ ժամանակներում, ահա թե ինչպես կարող են փոքր երկրները կողմնորոշվել։ Ժամանակակից աշխարհում, որտեղ համաշխարհային կարգը փլուզվում է, փոքր երկրների կամ նույնիսկ միջին չափի երկրների համար անորոշության թիվ մեկ աղբյուրը հակամարտությունն է։ Դուք վերացնում եք հակամարտությունը, դուք վերացնում եք անորոշությունը։ Դուք ապաշրջափակում եք հաղորդակցությունները, դուք վերացնում եք անորոշությունը։ Եվ դուք նաև վերացնում եք նոր հակամարտությունների ռիսկը։
Այսպիսով, սա է մեր ռազմավարությունը։ Պետք է խոստովանեմ, որ սա դժվար է, դժվար է նաև այն պատճառով, որ մեր պոտենցիալ գործընկերները այնքան կառուցողական չեն, որքան մենք կցանկանայինք տեսնել, բայց մենք ուզում ենք մեր սեփական օրինակով ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է»,–ասել է նա։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: