27 մայիսի 2025 - 18:51 AMT
Փաստաբան․ Դատախազությունը հրաժարվել է Վերմիշյանի դեմ ապօրինի գույքի բռնագանձման հայցից

ՀՀ դատախազությունը հրաժարվել է Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված՝ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին պահանջից։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ներկայացնելով որոշման մանրամասները։

«Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։

Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։

Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»,–ասվում է գրառման մեջ։