ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ 236 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորման համար, հայտնում է 1lurer.am-ը։
Նշված գումարը կուղղվի Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարան ճանապարհի նոր՝ 60 կիլոմետր երկարությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի մի մասի իրականացմանը։
Ծրագիրը կազմված է երեք հիմնական ենթաբաժիններից․
«Ճանապարհը կունենա ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներ, հյուսիսային հատվածում կկառուցվեն նաև 3 թունել, 16 կամուրջ, 83 հեղեղատար, 28 բետոնե հենապատեր: Համանման աշխատանքներ են նախատեսվում հարավային հատվածում: Ունենք 5 թունել, 11 կամուրջ, 68 հեհեղատար, 43 բետոնե հենապատեր, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:
Ծրագիրը թույլ կտա կրճատել ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 58 կմ-ով, կնվազի նաև երթևեկության տևողությունը, կբարձրանա երթևեկության հարմարավետությունը»,–նշել է նա։
Ղալեչյանը հավելել է, որ կառուցվող ենթակառուցվածքը նախատեսվում է, որ կսպասարկի օրական մինչև 10 հազար տրանսպորտային միջոց։
Պայմանագրով հատկացված միջոցներն ուղղվելու են Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Ծրագիրը կունենա նաև համաֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից՝ յուրաքանչյուրը՝ 236 միլիոն եվրոյի չափով ներդրումով։
Բացի ֆինանսական պայմաններից, պայմանագրում ամրագրված են նաև բնապահպանական, սոցիալական և կլիմայի փոփոխության դեմ պայքարի պահանջներ, ինչպես նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ճանապարհային անվտանգության միջոցառումների իրականացում։
Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբերը։ Շինարարական փուլը նախատեսվում է ավարտել 2031 թվականի դեկտեմբերին, որից հետո գործելու է երկամյա որակի երաշխիքային ժամկետ։