27 մայիսի 2025 - 19:05 AMT
Զախարովա․ Ռուսաստանին պետք չէ համոզել Կապանում հյուպատոսություն բացելու հարցում

Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՀՀ այցի ընթացքում:

«Պարզ է, որ այս պահին ռուսական հյուպատոսությունը Կապանում բացված չէ։ Ինչո՞ւ՝ այդ հարցով պետք է դիմել հայկական կողմին», — նշել է Զախարովան։

Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կապանում ռուսական հյուպատոսության բացման հարցը դեռ քննարկման փուլում է։

Ապրիլին Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ակնկալում է մինչև մայիս գալ հստակ պայմանավորվածությունների Սյունիքի մարզում հյուպատոսության գործարկման ժամկետների վերաբերյալ։