29 մայիսի 2025 - 10:12 AMT
Փոխվարչապետ․ Սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը։

«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ կարծում, որ վտանգներ կառաջանան»,-ասել է ՀՀ փոխվարչապետը, հայտնում է Արմենպրեսը։

Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու սահմանազատման գործընթացը զուգահեռ ընթացող գործընթացներ են, սակայն մեկը մյուսին չեն պայմանավորում։

Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս չի որոշվել, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական նիստը։

Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները համաձայնության են հասել նոր հատվածի սահմանազատման շուրջ։ Ըստ այդ համաձայնության՝ սահմանի ճշգրտման աշխատանքները սկսվելու են հյուսիսային մասից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և շարունակվելու են դեպի հարավ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։