29 մայիսի 2025 - 10:16 AMT
Ռուբիո․ Աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին

Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար։ Այդ մասին ասված է Ադրբեջանի Անկախության օրվա առիթով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձում: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

«Նաև աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը՝ որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ, հայտնում է 1lurer.am-ը։

Ռուբիոն հավելել է՝ ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության և տնտեսության ոլորտներում։

«Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը՝ այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը և միասին աշխատել՝ ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է պետքարտուղարի ուղերձում:

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

Photo. Getty Images