Արցախցիները ՄԻԵԴ կդիմեն՝ Ադրբեջանի կողմից գույքի ավերման կամ յուրացման փաստով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը նախաձեռնել են գործընթաց, որի շրջանակում իրականցվում է տվյալների հավաքագրում՝ կապված ադրբեջանցիների կողմից Արցախում քանդված կամ յուրացված բնակարանների ու տների հետ։ Այդ մասին հայտնել է «Արցախի հեռուստատեսությունը»։
Դիմողները պետք է լրացնեն հայտը։
Այս նախաձեռնության նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստերի ներկայացումն է՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի շրջանակում պատասխանատվության ենթարկելու նպատակով։
100 անձի տվյալ արդեն փոխանցվել է ՄԻԵԴ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։