29 մայիսի 2025 - 10:56 AMT
Թրամփը՝ Ալիևին․ ԱՄՆ–ն սատարում է կայուն խաղաղությանը ՀՀ և Ադրբեջանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում նշել է, որ ԱՄՆ–ն սատարում է կայուն խաղաղությանը ՀՀ և Ադրբեջանի միջև, հայտնում է Minval.az-ը։

«Մենք գնահատում ենք մեր հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության հետ և բարձր ենք գնահատում Ձեր գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության խթանման և Ձեր հարևանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ․․․

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի բարեկեցությանը և կստեղծի նոր հնարավորություններ՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության համար։ Ժամանակն է ստանձնել խաղաղության հասնելու պարտավորություններ և ազդարարել բարեկեցության նոր դարաշրջանի մասին Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,–ասվում է ուղերձում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: