29 մայիսի 2025 - 12:23 AMT
Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին. Այս մարդիկ ասելիք չունեն՝ կենդանի, բայց քաղաքական դիակ են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի զրույցին լրագրողների հետ, որի ժամանակ նա ասել էր, որ «իշխանափոխությունից հետո միակ վայրը, ուր Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է»։ Սիմոնյանը, նկատի ունենալով ընդդիմադիրներին, Տելեգրամի իր ալիքում գրել է «այդ մարդիկ ասելիք չունեն՝ կենդանի, բայց քաղաքական դիակ են»։

Ավելի վաղ Սիմոնյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, ասել էր, որ «երբ կլինի խաղաղության պայմանագիր՝ հայերը կարող են ապրել Բաքվում, մյուսները կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել եմ։

Սիմոնյանը գրել է. «Այ տեսեք, օրինակ Իշխանը Սաղաթելյան, որ սենց բաներա ասում, ինքն ի՞նչ, դե՞մ է, որ Բաքվի ջարդերից կամ Սումգայիթի ջարդերից փախած հայերը վերադառնան իրենց տները և հայերի վերադարձի մասին խոսելիս միայն Ղարաբաղի հայերի մասին է պատրաստ խոսել, թե՞ իրա դաշնակ ուղեղով մտածում է, որ, եթե ասի Ալեն Սիմոնյանը Բաքվում կարա ապրի, դրանով ինքն ուժեղ տղու կերպար է ստանում նույնիսկ դաշնակցության լիդերի, ու մարդիկ կմոռանան ոնցա թե՛ նիստերի դահլիճում, թե՛ փողոցում փախնում, որ հանկարծ իրան բան չլինի: Չէ՛, չէ՛, սա ուղղակի վառ ապացույցն է, որ ասելիք չկա. այս մարդիկ ասելիք չունեն, այս մարդիկ կենդանի, բայց քաղաքական դիակ են մեր քաղաքական դաշտում: Ու թե՛ սա, թե՛ իրա կողքինները չեն հասկացել, որ ամեն իրենց ասածին մի 10 հատ պատասխան են ստանալու, ամեն վիրավորանքին 10 հատ վիրավորանք են ստանալու: Ու թող հետո իրանց հանգստացնեն, ասեն մեր մի ելույթը այդքան աղմուկ բարձրացրեց` ձև անելով, որ չեն լսել, թե իրանց ինչ են ասում»,- գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանն ավելի վաղ ասել էր․ «Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ, ավելին Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր ձևերով իրար հետ կոմունիկացվելու են ու շփվեն»։