ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «զբաղված են քաղաքական գազլայթինգով»։
«Հանրության մեջ բուռն քննարկումների և քննադատության արժանացած Փաշինյանի և իր կնոջ պահվածքը հետաքրքրեց նաև ինձ՝ ոչ միայն քաղաքական, այլև բժշկա-հոգեբանական տեսակետից։
Մանրամասն վերլուծելով նրանց հանրային կեցվածքը՝ ագրեսիան, վիրավորանքները, «կրթելու» արշավը, պիտակավորումները, եկել եմ մի վարկածի, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ և հիմնավորել։
Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով (անգլ.՝ gaslighting): Ի՞նչ է դա: Դասական իմաստով գազլայթինգը հոգեբանական բռնության տեսակ է, որի ընթացքում մի կողմը որոշակի մանիպուլյացիաների միջոցով մյուս կողմին ներկայացնում է՝ որպես «դեֆեկտավոր», թերի, ոչ լիարժեք՝ միաժամանակ ստիպելով դիմացինին կասկածել շրջապատող իրականության ադեկվատ ընկալմանը:
Փաշինյանական զույգը, որպես ագրեսոր, ճշգրտորեն զբաղված է հենց սրանով՝ վիրավորանքներով («համբալ», «ոջիլ», «տխմար», «չորքոտանի», «խոտակեր անասուն» և այլն), թերարժեքություն ներարկելով («Էստոնիայի չափ չկանք», «կրթվելը նորաձև է», և այլն), զուգահեռ իրականություն սինթեզելով (քեֆ-ուրախություններ, համերգներ, փառատոներ, և այլն), հայ ժողովրդին նպատակադրված վերածում է հստակ մշակված այս հոգեբանական բռնության զոհի։ Նրանք ստիպում են զոհին՝ ժողովրդին, կասկածել սեփական հիշողությանը, սեփական ինքնությանը, պատմությանը, սեփական էմոցիաներին, սեփական ընկալումներին։ Նրանք ժխտում են զոհի համար կարևոր փաստերը, զգացմունքները, արժեքները։ Նրանք զոհի մեջ սերմանում են թերարժեքություն, կախվածություն, վախեր (այս նույն օպերայից են, օրինակ, «եթե Նիկոլը չլինի՝ պատերազմ կլինի», «զիջենք, որ չհարձակվեն», «աղքատությունը ձեր գլխում է» և քաղաքական բնույթի այլ մանիպուլյացիաներ)։
Իհարկե, աշխարհում քաղաքական գազլայթինգի բնագավառում նրանք առաջինը չեն»,–գրել է նա։
Ըստ նրա՝ դիմելով գազլայթինգի՝ փաշինյանական զույգն իշխանությունը չկորցնելու խնդիր է լուծում։
«Եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլն ինքն իրեն էր դնում գժի տեղ՝ բերելով պատերազմը, ապա հիմա նա փորձում է մի ամբողջ ազգից գիժ սարքել պատերազմի հետևանքները վերջնականապես հավերժացնելու համար», - գրում է Աշոտյանը։
Նա կոչ է արել քաղաքացիներին պայքարել այդ հոգեբանական ճնշման դեմ՝ չփախչել իրականությունից և շարունակել ապրել իրական կյանքով, չվախենալ և շարունակել արտահայտվել, չկասկածել և շարունակել ինքնուրույն մտածել, չընկճվել և շարունակել կռիվ տալ։
Աշոտյանն գտնվում է տնային կալանքի տակ։ Նա կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16-ին։ Նա և Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվել են համալսարանին պատկանող շուրջ 100 հազար դոլար արժողությամբ գույքի հափշտակման համար։ Մասնավորապես, նրանք մեղադրվում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները շուկայականից բարձր արժեքով ձեռք բերելու մեջ այն ժամանակ, երբ Աշոտյանը ղեկավարել է բուհի հոգաբարձուների խորհուրդը։