29 մայիսի 2025 - 13:11 AMT
Երևանում տեղի է ունեցել «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի հիմնարկեքը

Երևանի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում տեղի է ունեցել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև «Յուվենտուսի» լեգենդար խաղացող Դավիդ Տրեզեգեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի ղեկավար Ալբերտ Աբրահամյանը և Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հայտնում է Արմենպրեսը։

«Այստեղ կառուցվելու է սպորտային համալիր, որն իր մեջ ներառելու է Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի մարզաբազաների ակադեմիաներից մեկը: Ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխան բազմաֆունկցիոնալ մարզադաշտ»,-ասել է Ալբերտ Աբրահամյանը:

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ-ն վերջին տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերել այս նախագծին։

«Վերջին շրջանում մենք ունենք մի քանի հիանալի նախագիծ, որոնցից մեկը հենց սա է: Շատ մեծ հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակում մենք այստեղ կտեսնենք հիանալի ենթակառուցվածքներ»,-ընդգծել է Մելիքբեկյանը:

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին կարևորել է նման ձևաչափի նախաձեռնությունները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների ժողովուրդների բարեկամության դրսևորում։

«Այս ակադեմիան Իտալիայի մի հատված է, որը ոտք է դնում հայկական հողում: Այն կլինի մեր բոլորի ժառանգության մի մասը, քանի որ ֆուտբոլը բոլորիս ժառանգությունն է, այն պատկանում է բոլորիս»,-ասել է դեսպանը:

Ֆրանսիայի ընտրանու և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Տրեզեգենը ևս կարևորել է այս ծրագրի նշանակությունը։

«Յուվենտուսը» ևս ուրախ է, որ հյուրընկալվել է այս երկրում և այս կերպ հնարավորություն կունենա դաստիարակելու ֆուտբոլի նոր սերունդ: Լիահույս եմ, որ աշխատանքները շուտ կվերջանան և մենք կսկսենք աշխատել այստեղ»,-ասել է Տրեզեգեն: