29 մայիսի 2025 - 13:25 AMT
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հրապարակել է Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով իր դատավճիռը՝ ճանաչելով նրան անմեղ։

Ավելի քան հինգուկես տարի տևած քննությունից հետո, դատարանը մայիսի 27-ին անցել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով, հայտնում է Factor.am-ը։

Սանասարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հիմքով։ Ըստ մեղադրանքի, նա, լինելով ծառայության ղեկավարը և ունենալով ծառայության ղեկավարման, աշխատակիցների նշանակման ու ազատման, կարգապահական պատժի կիրառման, վերահսկվող կառույցներում ուսումնասիրությունների հանձնարարելու և անհրաժեշտ տեղեկությունների ու փաստաթղթերի պահանջման լիազորություններ, խմբային շահերով առաջնորդվելով՝ իր դիրքն օգտագործել է ի վնաս ծառայության շահերի և չի կատարել իր պարտականությունները։

Սանասարյանը բազմիցս հայտնել է իր անմեղությունը՝ մերժելով մեղադրանքները։ Մայիսի 27-ին՝ դատարանի խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ, նա վերջին խոսքում նշել է․ «Իմ նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում»։

Նույն գործի շրջանակում մեղադրյալներ են եղել նաև ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության ժամանակավոր ղեկավար Սամվել Ադյանը, վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումը իրականացնող Տարոն Ավետիսյանը։ Սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Մեղադրանքի համաձայն՝ Սամվել Ադյանը, որպես ՊՎԾ պաշտոնյա, ունենալով իրավասություն վերահսկելու պետական միջոցներ ստացող ընկերությունների գնման գործընթացների օրինականությունը, համաձայնության է եկել Գևորգ Խաչատրյանի հետ և 2018-2019 թվականներին ապօրինի միջամտել է Առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կողմից բժշկական սարքավորումների ձեռքբերման գործընթացին։ Նրանք ստիպել են փոխել ինչպես ավտոկլավների, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով սահմանված դիալիզատորների բնութագրերը՝ կազմելով տեխնիկական պայմանագրեր, որոնք չեն բխել իրական պահանջներից։

Մեղադրանքում նշվում է, որ նրանք այդ փոփոխություններով ձգտել են ապահովել մրցույթներում «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը։ Ավելին, երբ գնումներին ներգրավված աշխատակիցները հրաժարվել են կատարել անօրինական պահանջները, ՊՎԾ-ի պաշտոնյաները սպառնացել կամ սկսել են ուսումնասիրություններ։

Նման գործողությունների հետևանքով փոխված տեխնիկական պայմաններով նվազել են մատակարարվելիք ապրանքների որակական ցուցանիշները՝ դրանք համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության առաջարկներին։

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավարումը Հայկ Կարապետյանի տված լիազորագրերով իրականացնելու և Սամվել Ադյանի մտերիմ ընկերը լինելու պայմաններում, Ադյանի ու Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ օժանդակելու համար՝ վերջիններիս աջակցելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Մեղադրանքի համաձայն, այդ աջակցությունը կատարվել է տեղեկատվություն ու ռեսուրսներ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու միջոցով։

Սանասարյանը հայտնել է, որ տեղյակ չի եղել Ադյանի ու Խաչատրյանի՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապի մասին։

Սանասարյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել գնման մրցույթներում պարտված «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը։