29 մայիսի 2025 - 13:43 AMT
70 ընկերություն տուգանվել է 49.5 մլն դրամով չձևակերպված աշխատողների պատճառով

Շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 20 դեպքով 20 հարկ վճարող տուգանվել է 35 մլն դրամով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: