29 մայիսի 2025 - 14:55 AMT
Պակիստանի վարչապետը՝ Լաչինում․ Ադրբեջանն ու Թուրքիան սատարեցին մեզ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչինում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Լաչին էր այցելել նաև Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը, որին ճանապարհել են նորաբաց օդանավակայանից։

Շարիֆը Լաչինում մասնակցել է Ադրբեջանի կազմակերպած միջոցառումներին, որոնq նվիրված էին Ադրբեջանի անկախության օրվան, հայտնում է Haqqin.az-ը։

Իր ելույթումն Շարիֆն ասել է, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից»։

«Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին։ Պակիստանը հարձակման է ենթարկվել Հնդկաստանի կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան անհապաղ սատարեցին մեզ և իրենց համերաշխությունը դրսևորեցին Պակիստանի հետ»,-ասել է Պակիստանի վարչապետը։

Նա պատմության «ամենագեղեցիկ պահերից մեկն է անվանել երեք երկրների միությունը»՝ նշելով, որ Լաչինում «փողփողում են երեք երկրների դրոշները»։

Շարիֆը նաև շնորհակալություն է հայտնել Բաքվին ու Անկարային Ջամու և Քաշմիրի հարցում համերաշխության համար։

Նշվել է, որ եռակողմ համագործակցության կարևոր մաս է կազմում ռազմատեխնիկական գործակցությունը։

Լարվածության աճը Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվել է ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքի մոտ՝ Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում։ Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա Բայսարան հովտում՝ հայտնի զբոսաշրջային վայրում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» անունով միավորումը, որը կապված է ահաբեկչական «Լաշքար-է-Թայբա» կազմակերպության հետ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի։

Հնդկաստանը մայիսի 7–ի վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մի քանի վայրերում, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի ռազմական պաշտոնյաների, զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 46-ը վիրավորվել։ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել զինյալների կողմից օգտագործվող ենթակառուցվածքների դեմ, որոնք պատասխանատու են անցյալ ամսվա ընթացքում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված մահացու հարձակման համար: