Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով գումարի դիմաց 1 կամ 4 ամիս զինծառայություն անցնելու նախագծին, ասել է, որ անընդունելի է համարում ցանկացած սոցիալական շերտավորում:
Նրա խոսքով՝ ԶՈւ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իր մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն, հայտնում է Panorama.am-ը։
«Նախագիծը չի քննակվել ինձ հետ, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Բայց ես վստահ եմ, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք»,-ասել է Մանասյանը:
Նա հայտարարել է, որ, եթե օրինագիծն ընդունվի ՄԻՊ գրասենյակն իրավասու է դիմելու ՍԴ։
Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառումներին արձագանքելու վերաբերյալ հարցին՝ Մանասյանն ասել է, որ դա իր լիազորություններից դուրս է։
«Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, նաև էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, դրանք այս առումով սահմանափակված են։ Ի տարբերություն ինձ՝ նման ոլորտում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար, կարծում եմ, այս հարցը կարող եք նրանց ուղղել»,–ասել է նա։
ՊՆ-ն քննարկել է զինծառայության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՔՊ–ական պատգամավոր Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել՝ ձևակերպվելով հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։