29 մայիսի 2025 - 16:39 AMT
ԱԽ քարտուղար․ Լավրովի այցի ժամանակ Սյունիքում ՌԴ հյուպատոսարան բացել չէր ենթադրվում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացել չէր ենթադրվում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հայտարարվե՞լ է, որ բացվելու՞ է։ Այդպիսի հայտարարություն չի եղել։ Ամենայն հավանականությամբ ասվել է՝ քննարկվելու է և քննարկվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նույն հարցին, ասել է, որ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ նորություններ այս պահին չկան, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի իշխանությունը համաձայնություն չի՞ տալիս»,- հարց է ուղղել լրագրողը՝ հիշեցնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ Սյունիքում հյուպատոսության բացման հարցեր են քննարկվել։

«Դե, եթե քննարկել են, պետք է բացեն, էլ ինչո՞ւ եք եզրակացնում, որ Հայաստանի իշխանություններն ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է պատգամավորը։

Լրագրողը ճշտող հարց է տվել` այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը, որ չի բացվում

«Ռուսաստանի խնդիրն է»,– պատասխանել է Խաչատրյանը։

Նրա պնդմամբ՝ Ֆրանսիայի հետ ևս 2-3 տարի է՝ հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ էին ընթանում։ Ըստ նրա՝ քննարկումները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։

ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր և դրական կլինի ընդհանուր միջավայրի համար։

Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի բացումը նախատեսված է հունիսի 2-ին, ինքը ևս ներկա է լինելու։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Չնայած ռուսական կողմը հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություն կլինի, սակայն թերթի աղբյուրներն ասել են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։