Խոզնավարի համայնքում ադրբեջանական զինված ուժերի գործողություններից վնասված տանը մի տարեց կին է ապրում։ Կրակոցների ժամանակ նա տանն է եղել։
«Բնակիչն առավոտյան է տեսել, որ կոտրվել է իր տան պատուհանը։ Մի ծեր կին է ապրում վնասված այդ տանը»,- ասել է Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վահան Զաքյանը, գրում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ դեպքի ժամանակ բնակչուհին տանն է եղել, բարեբախտաբար՝ չի վնասվել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է տանը հասցված վնասի մասին։
«Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,- նշված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։