ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողով է գնացել։ Նախարարը ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է անցկացնելու՝ քննարկելու գումարի դիմաց բանակում կրճատ ծառայության մասին նախագիծը, որի հեղինակը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, հայտնում է Aysor.am-ը։
Նախագծի քննարկումը ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ժամանակավորապես դադարեցվել է՝ դրա շուրջ դեռ հավելյալ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությամբ։
Նախագծի համաձայն՝ առաջարկվել է սահմանել, որ եթե քաղաքացին ընտրում է ծառայել մեկ ամիս, ապա պարտավորվում է վճարել 20 միլիոն դրամ, իսկ եթե ընտրում է ծառայել վեց ամիս, ապա պետք է վճարի 15 միլիոն դրամ պետական բյուջե։ Բացի այդ, նախաձեռնության մեջ նշված է եղել, որ պարտադիր ծառայության առավելագույն տարիքային շեմը 27-ից պետք է բարձրացվի մինչև 37։
Պաշտպանության նախարարությունը համապատասխան վերլուծություն է իրականացրել Հայկ Սարգսյանի առաջարկի շուրջ և մի շարք լրացումներ է արել դրան։
«Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- ասել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այժմ նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքային շեմը կդրվի 32 տարեկանի սահմանում։
«Պաշտպանության մասին» օրենքում ներառվելու է դրույթ, ըստ որի՝ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները կստանձնեն հանրային իրավական դրամական պարտավորություն՝ ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամի չափով, որը կդադարեցվի քաղաքացին զինվորական հաշվառման վերցվելու պահից կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և գումարի վճարման պարագայում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով գումարի դիմաց 1 կամ 4 ամիս զինծառայություն անցնելու նախագծին, ասել է, որ անընդունելի է համարում ցանկացած սոցիալական շերտավորում: Նա հայտարարել է, որ, եթե օրինագիծն ընդունվի, ՄԻՊ գրասենյակն իրավասու է դիմելու ՍԴ։ Ըստ նրա, ռիսկերը բավարար չափով գնահատված չեն։