29 մայիսի 2025 - 17:46 AMT
Սուքիասյան․ Կարմիր բլուր հնավայրը հարվածի տակ է

«Էրեբունի Երևան» թանգարանը, որը պատասխանատու է «Կարմիր բլուր», «Շենգավիթ» հնավայրերի և «Էրեբունի թանգարանի» համար, արդեն մեկ տարի է, ինչ չունի տնօրեն։ Երևանի այցեքարտ հանդիսացող թանգարանի ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող խնդիրներ։ Այd մասին լրագրողների հետ զրույցում ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա տեղեկացրել է, որ Ուրարտական պատի վերականգնման նախագիծը, որը նախկինում ակտիվորեն առաջ էր մղվում, այժմ կասեցվել է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ուրարտական պատը վերականգնելու նպատակով արտադրված աղյուսներն այս պահին բարձիթողի վճակում են։ Վերականգնման համար ֆրանսիական կողմը 200,000 եվրո է տրամադրել, սակայն Ուրարտական պատի վերականգնումը հարվածի տակ է։ Մասնագետները մեզ ասեցին, որ եթե աղյուսներն իրենց նպատակին ծառայեին, ապա արտադրությանը հնարավորություն էր տալու ստանալ այն նյութը, որով հնարավոր կլիներ Դվին մայրաքաղաքը վերականգնել»,–ասել է նա։

Սուքիասյանը նաև հայտնել է, որ իրենց տրամադրության տակ հայտնված տվյալներով՝ տեսահսկման համակարգերը թերի են աշխատում։

«Աղյուսներն անմխիթար վիճակում են, ու որոշ ժամանակ անց այլևս անպիտան են լինելու, կատարված ծախսն անիմաստ կդառնա։ Կարմիր բլուր հնավայրի ճակատագիրն անորոշ է դառնում»,-ասել է նա։

Սուքիասյանը նաև մտահոգություն ունի, որ ուրարտագիտությունը ու Ուրարտուի հայկականությունը հերքելու հստակ ուղեգիծ կա։

«Ողջամիտ կասկած է առաջանում, որ այս ծրագրի կասեցումը սերտորեն շաղկապված է հարևան պետության վարած քաղաքականության հետ, շատ սինխրոն են հայկականության հետքի վերացման, մեր կապը Ուրարտուի հետ հերքելուն ուղղված քայլերը։

Մենք նաև տեղեկատվություն ունենք, որ Էրեբունի թանգարանում այս պահին մշտական ցուցադրութուն չկա։ Այսինքն, 3 հնավայրերն էլ Երևանի հենման կետերն են, փորձ է արվում տարանջատել Երևանն իր պատմական հենքից»,–ասել է նա։

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբայի։ Մինչ այդ փականի գյուտը՝ դեռ 1941 թվականին, գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։ Պեղումները բացահայտեցին Ուրարտուի թեև ոչ կենտրոնական, բայց կարևորագույն նահանգներից մեկի քաղաքի արտադրության հոյակերտ պատկերը։