29 մայիսի 2025 - 17:59 AMT
Էրդողան. Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով Հարավային Կովկասում կայունություն հաստատելու կարևորությունը։

Նա հավելել է, որ ցանկալի կլինի, որ այդ գործընթացն արագ ավարտին հասցվի, հայտնում է APA-ն:

«Մենք գոհունակությամբ ենք ողջունում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվող քայլերը։ Մենք խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլ ենք համարում դեպի կայունություն։ Ցանկանում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք տեսնում ենք, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը», – նշել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչինում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Լաչին էր այցելել նաև Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը, որին ճանապարհել են նորաբաց օդանավակայանից։