29 մայիսի 2025 - 18:48 AMT
ՀՀ–ն կանդամակցի BIPM և OIML–ին

Հայաստանը նախաձեռնել է միջազգային չափագիտական կազմակերպություններին միանալու գործընթաց, որի նպատակն է ամրապնդել դիրքերը տեխնիկական ոլորտում:

Գործադիրը հավանություն է տվել «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այսպիսով, Հայաստանը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի միջոցով, սկսել է այդ երկու հեղինակավոր միջազգային կառույցներին անդամակցելու գործընթացը։

Մասնավորապես, տնտեսական և առևտրային տեսանկյունից՝ կապահովի միջազգային առևտրի խթանումը, քանի որ OIML և BIPM անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման և ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար:

Կստեղծի հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործելու արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի: Կստեղծվի ներդրումների գրավչություն, քանի որ անդամակցության արդյունքում միջազգային չափագիտության պահանջներին համապատասխան չափման համակարգը կավելացնի վստահությունը տնտեսական միջավայրի նկատմամբ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը. Անդամակցությամբ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին։

Անդամակցությունը նպաստում է հայկական չափագիտական համակարգի ներդաշնակեցմանը տարածաշրջանային և միջազգային պահանջների հետ, կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում: