29 մայիսի 2025 - 18:58 AMT
Անդրանիկ Քոչարյան․ Նախագիծը բանակից փողով ազատվելու մասին չէ, այլ՝ անվտանգության

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում՝ գումարով կրճատ զինծառայության մասին աղմկահարույց նախագծի քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ նախագիծը փողով բանակից ազատվելու մասին չէ, այլ երկրի պաշտպանունակության ու անվտանգության, հայտնում է «Փաստինֆոն»։

«Եթե հեղինակը հետ չքաշի նախագիծը, ապա ամսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստ, դուք ավելի տեղեկացված կլինեք, թե ինչ ենք քննարկել։ Ես կարծում եմ որ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման նախագծերը կարող են կյանքի կոչվել, քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է՝ ուրեմն պետք է անցնենք երկար ճանապարհ։

Մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ժամանակակից բանակ ունենալուն, մենք քայլ առ քայլ գնալու ենք այդ նպատակին հասնելու ճանապարհով»,-ասել է նա։

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին՝ առաջարկելով շրջանառությունից հանել գումարի դիմաց կրճատ զինծառայության նախագիծը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով գումարի դիմաց 1 կամ 4 ամիս զինծառայություն անցնելու նախագծին, ասել է, որ անընդունելի է համարում ցանկացած սոցիալական շերտավորում: Նա հայտարարել է, որ, եթե օրինագիծն ընդունվի, ՄԻՊ գրասենյակն իրավասու է դիմելու ՍԴ։ Ըստ նրա, ռիսկերը բավարար չափով գնահատված չեն։