29 մայիսի 2025 - 19:09 AMT
Գուգարաց թեմի առաջնորդը՝ Փաշինյանի որակման մասին․ Այս խայտառակությունը առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում արված այն հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են» ՝ նշելով, որ այն «առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը»։

Նա նշել է, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ կաթողիկոսի գլխավորությամբ։ Եպիսկոպոսն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»:

Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով:

Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:

Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մի շարք եկեղեցիներ, որոնք ինքը ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է, գտնվել են անմխիթար վիճակում։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես, տեսնում ես՝ ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ»,-հայտարարել է Փաշինյանը։