Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա արտահայտությանը, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,–գրել է վարչապետը։
Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։
«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։
Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»,–գրել է նա մեկ այլ գրառման մեջ։
Վարչապետի մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։
Փաշինյանի վիրավորական արտահայտություններին հոգևորականների հասցեին միացել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,–գրել է Աննա Հակոբյանը։
Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մի շարք եկեղեցիներ, որոնք ինքը ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է, գտնվել են անմխիթար վիճակում։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես, տեսնում ես՝ ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ»,-հայտարարել է Փաշինյանը։
ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ այն «առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը»։ Նա նշել է, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ կաթողիկոսի գլխավորությամբ: