30 մայիսի 2025 - 11:32 AMT
Ծառուկյան․ Վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի հավակնություն չունի։ Նա այդ մասին ասել է «Օրակարգը Կենտրոնում» հաղորդման ժամանակ։

«Այս երկիրն այն վիճակում է, որ ոչ մի կուսակցություն, ուզում է հին լինի, ուզում է՝ նոր, չի կարող մենակ երկիրն այդ վիճակից հանել։ Անհրաժեշտ է վերկուսակցական ուժ ստեղծել, համախմբել գաղափարը, միտքը»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այսօր կանգնած ենք անդունդի եզրին։

«Այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այդ վերկուսակցական ուժը, որը կկարողանա համախմբել ամբողջ ազգին։ Ես պատրաստ եմ համախմբելու, կազմակերպելու։

Ամեն ինչին հասած մարդ եմ, ինձ համար պաշտոնը կարևոր չէ։ Ես պատրաստ եմ այդ ծրագիրը կազմակերպելու, և վարչապետի պաշտոնի հավակնություն ես չունեմ»,–ասել է նա։

Ծառուկյանը հավելել է, որ պետք է լինի ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, հայտնում է Panorama.am-ը։

«Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում»,–ասել է նա։

Նա հայտնել է, որ եթե մասնակցի 2026–ի ընտրություններին, ապա այն կլինի «Առաջարկ Հայաստանին» կարգախոսով։