30 մայիսի 2025 - 11:48 AMT
Հայր Ասողիկ․ Պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք է տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին բարձրաձայնել էր

Հայր Ասողիկ Կարապետյանը, անդրադառնալով պետական պաշտոնյաների կողմից եկեղեցու հասցեին արվող հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք է լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր։

Նա նշել է, որ եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում են բացառապես եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով։

«Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում:

Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան...

Այսօր, երբ տկարացած է և տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու, շենացնելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, ցավոք, տեսանելի ու լսելի կլինեն նման երևույթներ ու խոսքեր՝ ամենապարզ անձից մինչև ամենավերին պաշտոնյան:

Հայրենական կյանքի խնդիրներին որևէ անդրադարձ կարիք չունի նվաստ բնորոշումների և կրոնական զգացումներ վիրավորող արտահայտչաձևերի: Պետք է գիտակցել, որ Խորհրդային Հայաստանի ավարտից հետո, տասնյակ տարիներ և այսօր, եկեղեցիներն ու վանքերը վերանորոգվում կամ կառուցվում, բարեզարդվում ու պայծառանում են բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով (որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո):

Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է՝ ի շինություն Հայրենի երկրի և ի զորացումն ազգային կյանքի»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։