Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, քննարկել հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Բայրամովը սենատորին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակի և իրականության մասին։ Նա ներկայացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնք խանգարում են այդ գործընթացին»,–գրում է APA-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ընդգծել օրենսդիր մարմինների միջև կապերի կարևորությունը։
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։