Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով լիովին դադարեցնել իր նկատմամբ կիրառվող հետախուզումը։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Ալեքսանդր Լապշինին «Զվարթնոց» օդանավակայանում երկու անգամ թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ, ձերբակալել են՝ Բելառուսի կողմից իր նկատմամբ հետախուզման պատճառաբանությամբ, ավելի ուշ՝ ազատ արձակել։
Պարբերական բնույթ կրող ձերբակալությունների առնչությամբ Լապշինը մի քանի ամիս առաջ դիմումներ էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզաբանումներ ստանալու։ Դատախազությունից պարզաբանել էին, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում Լապշինը ներկայացվել է Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲՀ իրավասու մարմինների կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել՝ ձերբակալելու որոշում չի կայացվել։
ԱԱԾ-ից Լապշինին պատասխանել էին, որ վերջինս դատախազությունից պատասխան արդեն ստացել է, իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ ծառայողի կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելուն, ապա այդ կապակցությամբ ծառայողական քննություն է իրականացվում։ Լապշինը հաջորդիվ դիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ-ին՝ իր հանդեպ Բելառուսի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հայտարարված հետախուզումը ՀՀ տարուծքում դադարեցնելու վերաբերյալ։
Լապշինի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ ՆԳՆ-ից պատասխանը ստացել են։
«Մասնակի հետախուզումը հանվել է, սակայն դա մեզ բավարար չի քանի որ մասնակին նշանակում է, որ հաջորդ անգամ, երբ Լապշինը գա Հայաստան, կարող է նորից նույն խնդրի առաջ կանգնել, ուստի մենք դիմել ենք Վարչական դատարան ` հետախուզումը ՀՀ տարածքում լրիվ դադարեցնելու պահանջով»,- հայտնել է փաստաբանը։