Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում 1․5 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը պատասխան կտան հարցերին։
«Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1․5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար:
Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը: Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,-ասվում է հայտարարության մեջ։
Երեխայի մահից հետո մայրն ու տատը հարձակվել են «Մուրացան» հիվանդանոցի բժիշկի վրա՝ ծեծի ենթարկելով նրան:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու կին բուժաշխատողի ծեծում։ ԵՊԲՀ անձնակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշել է, որ տեսանյութում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում նախօրեին մահացած 1․5 տարեկան երեխայի մայրն ու տատն են, որոնք գետնին են գցում ու հարվածում Թունաբանական և վերակենդանացման կլինիկայի ռեանիմատոլոգ բժշկուհուն, հայտնում է Factor.am-ը։
«Իրենք բժշկուհուն կանչում են, բժշկուհու մոտ կասկած չի լինում անգամ, որ իրեն կարող են ինչ-որ բանում մեղադրել, սակայն այդ միջադեպն է տեղի ունենում: Հիվանդանոց մտնելուց 20 րոպե հետո սրտի կանգ է գրանցվել, երեք անգամ երեխայի սրտի աշխատանքը այդ բժշկուհին վերականգնել է», – հավաստիացրել է ԵՊԲՀ անձնակազմի ղեկավարը։
Դանիելյանը նշել է, որ երեխայի մայրը հայտնել է, թե իրենց այցելության օրը երեխան հինգ անգամ փսխել է, ունեցել է բարձր ջերմություն ու եղել է թուլացած։ Բացի այդ, նախորդ երկու օրերին ևս երեխան փսխել է։ Սակայն հարազատները շարունակում են պատասխանատվությունը դնել հիվանդանոցի վրա։ Լրատվամիջոցներին նրանք փոխանցել են, որ երեխան եղել է առողջ, հիվանդանոց տեղափոխելիս որևէ խնդիր չի ունեցել և նույնիսկ ունեցել է գիտակցություն։
Դանիելյանի խոսքով՝ հարձակման ենթարկված բժշկուհին ստացել է մարմնական վնասվածքներ և հաղորդում է ներկայացրել իրավապահներին հանցագործության մասին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քննչական կոմիտեն սկսել է քրեական վարույթ՝ ըստ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Մայիսի 28-ին երեխայի մայրը դիմել է բժշկական կենտրոն։ Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Կատարվել են վերակենդանացման գործողություններ։ Սրտի կանգ է գրանցվել, սակայն մերսման միջոցով վերականգնվել է սրտի աշխատանքը։ Սակայն նույն օրը ժամը 23:10-ի սահմաններում կրկին արձանագրվել է սրտի կանգ, և, չնայած վերակենդանացման փորձերին, դրանք արդյունք չեն տվել։ Ժամը 23:50-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։