30 մայիսի 2025 - 13:41 AMT
Տրեզեգեն մասնակցել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի շնորհանդեսին

Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ-ի ներկա դեսպան Դավիդ Տրեզեգեն Երևանում մասնակցել է «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիայի շնորհանդեսին:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական։

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈւԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը։

ՀՀ Կառավարության 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն է տրվել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ Ավան վարչական շրջանում մոտ երկու հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով և 1 մլրդ դրամ ներդրման պայմանով տրվել է «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող մոտ երկու հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը՝ շուկայական գնով, 10 տարի տարաժամկետ վճարման և հինգ տարում 1․2 մլրդ ներդրում կատարելու պայմանով: Վերը նշված տարածքներում հիմնվելու է «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիան: