30 մայիսի 2025 - 13:56 AMT
Արթուր Խաչատրյան․ Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության մակարդակի

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ամբողջ քաղաքականությունն այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումներն արդարացնելու և այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն»։

Անդրադառնալով հոգևորականների հասցեին Փաշինյանի և նրա կնոջ գրառումներին՝ Խաչատրյանն ասել է. «Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի մակարդակին»։

Նա հռետորական հարց տվեց, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ գրառումները համընկան այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում, կամ ինչո՞ւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը համընկավ Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հետ, հայտնում է Panorama.am-ը։

Պատգամավորն անդրադարձել է նաև սահմանային կրակոցները հերքելու ադրբեջանական կեղծիքին՝ ասելով. «Իսկ ո՞վ է կրակել Խոզնավարում՝ հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկի՞նը, Բլո՞կը, Գրիբոեդո՞վը»։

Նա հայտարարել է, որ կրակոցներով և Բերձորում նոր օդանավակայանի բացմամբ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար։

«Իսկ Փաշինյանը և իր իշխանությունը փոխանակ հիմքեր ստեղծեն ՀՀ-ն պաշտպանելու համար, մեղավորներ են փորձում կարգել»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Նա բացատրել է, որ դրանով փորձում է հայտարարել, թե հնարավոր ադրբեջանական հարձակման պատճառը Մայր Աթոռի կազմակերպած խորհրդաժողովն էր և Արցախի նոր նախագահի ընտրությունը։

Նկատելով, որ իրավապահ մարմինները ավելի մեղմ գրառումների հետևից են գնում՝ Խաչատրյանն ասաց, որ այդ կառույցները պարտավոր են գնալ Փաշինյանի գրառման հետևից։

Աննա Հակոբյանը հոգևորականների հասցեին իր գրառման մեջ գրել էր նաև․ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։