ԴՕԿ կուկսացությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի դեմ «կիրառվող այս քաղաքական հետապնդումն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից, և դրա պատասխանատուներից մեկը հենց Մակունցն է»։
«Համացանցում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կրկնակի դիմել է ամերիկյան իշխանություններին՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին արտահանձնելու խնդրանքով, ևս մեկ անգամ բացահայտում են իշխանության համակարգի իրական դեմքը։
Լիլիթ Մակունցը, ով պարտավոր էր պաշտպանել Հայաստանի շահերն ու արժանապատվությունը միջազգային հարթակում, փաստացի վերածվել է քաղաքական պատվեր կատարողի, ով հնազանդ կերպով սպասարկում է երկրի ներսում ձախողված իշխանության հրահանգները։ Նրա գործողությունները ոչ մի կապ չունեն դիվանագիտական առաքելության հետ և ընդամենը վկայում են անձնական ու խմբային շահերին ծառայելու պատրաստակամության մասին։
ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է՝ Վարդան Ղուկասյանի դեմ կիրառվող այս քաղաքական հետապնդումն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից, և դրա պատասխանատուներից մեկը հենց Մակունցն է։
Նրա քայլերը արդեն մերժվել են ամերիկյան կողմի կողմից, ինչը գնահատվում է որպես վստահության բացակայություն՝ թե՛ անձի, թե՛ իշխանության ներկայացուցչի նկատմամբ»,-ասվում է հայտարարութփյան մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է հունիսի 4-ին։
Նա մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն ինքը չի ընդունում մեղադրանքները։