Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությանը մի շարք հոգևորականների կողմից, որի առիթ են դարձել վարչապետի խոսքերը եկեղեցիների «չուլանացման» մասին, ինչպես նաև դրան հաջորդած գրառումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
«Ի՞նչ են առաջարկում մի շարք եկեղեցականներ. Մենք քեզ պիտի ասենք ցավագար, մոլագար, խելագար, բայց դու մեր մասին հարգանքով պիտի խոսես։
Մենք պիտի Սահմանադրությունը խախտելով քաղաքական պրոցեսների մեջ պիտի մտնենք, ձեզ անիծենք, վիրավորենք, բայց դուք մեր մասին հարգանքով պիտի խոսեք։
Մենք պիտի Աստծո հետ կապած կուսակրոնության ուխտը խախտենք ու պիտի քո ավանդական ընտանիքը թիրախավորենք, բայց դու պիտի մեր հետ հարգանքով խոսես։
Մենք պիտի Մայր Աթոռը նախընտրական շտաբ սարքենք, եկեղեցու ներսում պաստառներ փակցնենք, ու ձեզ անիծենք, անիծենք, անիծենք, ու դուք պիտի մեր հետ հարգանքով խոսեք։ Էստեղ են ասել՝ իհարկե, կներեք, պարոն մայոր, բայց ոչ»,–ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ նա հավելել է․ «Մենք իհարկե, սուրբ չենք, չնայած կուսակրոն լինելուն՝ կին, երեխա, ընտանիք ունենք: Չնայած դրան իհարկե հարկի-անհարկի բոլորին ինչ անուն ասես դնում ենք, վիրավորում ենք, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց դա հո չի՞ նշանակում, որ ինչ կա պիտի երեսներիս ասեք, հո դուք հակաեկեղեցական դավաճաններ չե՞ք»,- իրենց բողոքն են արտահայտել մի խումբ զարմանազան սրբազաններ»։
Փաշինյանի վիրավորական արտահայտություններին հոգևորականների հասցեին միացել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։
«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»,–գրել է նա։