30 մայիսի 2025 - 14:42 AMT
Երևանում շտապօգնության անձնակազմի հանդեպ բռնության նոր դեպք է գրանցվել․ 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելուհետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար է, հայտնում է ՆԳՆ–ն։

«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտել է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նրանք ամեն օր մարդկանց կյանքեր են փրկել՝ հաճախ իրենց անվտանգությունը վտանգելով։ Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլև ենթակա է ամենախիստ իրավական գնահատման»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա: