30 մայիսի 2025 - 15:19 AMT
Խաչատրյանը սեղմ ժամկետում Գերմանիայում վիրահատության կարիք ունի․ Կա փորձաքննության պատասխանը

ՊԵԿ նախկին ղեկավար և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները ստացվել են:

Մայիսի 30–ի դատական նիստում դատավոր Գիվի Հովհաննիսյանն ընթերցել է եզրակացությունը, որից պարզ է դարձել, որ Խաչատրյանը սեղմ ժամկետում Գերմանիայում վիրահատության կարիք ունի, հայտնում է «Փաստինֆոն»։

Դատարանը դեռևս ապրիլի 4-ին թույլատրել էր Խաչատրյանին վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա, բայց դատարանի որոշումից անմիջապես հետո, մեկ այլ քրեական վարույթով Խաչատրյանը մեղադրյալ էր ներգրավվել և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, ուստի չի մեկնել վիրահատության։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։ Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:

Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։