2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը։
Կոմիտեն հիշեցնում է, եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն հայտարարատուի միջոցներից, ապա հայտարարատուն կարող է օգտվել փոխհատուցումից, բացառապես այն դեպքում, եթե սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։