30 մայիսի 2025 - 16:27 AMT
ՔՊ–ական պատգամավորը՝ կրակոցների մասին․ ՀՀ–ն սադրանքների չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը, կրակոցներ արձակելովՍյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից։ Նա այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու իր օրակարգից, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով վերջին օրերին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է ոչ մեկ անգամ: Հայաստանն անդրադառնում է բոլոր միջադեպերին, որոնք տեղի են ունենում ՀՀ սահմանային հատվածներում:

«Շարունակելու ենք շարժվել խաղաղության մեր օրակարգով: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել սահմանային հատվածը, տվյալ միջադեպերը քննության առնել և պարզել, թե որ կողմն է միջադեպերը հրահրում, ինչպես է դա տեղի ունենում: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել: Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Մենք գնում ենք խաղաղության օրակարգով և միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն՝ ուղղված այս օրակարգին»,–ասել է Հովհաննիսյանը:

Մայիսի 30-ին, կեսգիշերից հետո՝ ժամը 00:10-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, ինչպես նաև վնաս է հասցվել մեկ մանր եղջերավոր կենդանու։ Մայիսի 29-ին ևս ադրբեջանական կողմը կրակահերթ է իրականացրել նույն բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով ևս մեկ տուն վնասվել է։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը չի ընդունել, թե կրակոցները իրականացվել են Խոզնավարի ուղղությամբ։