30 մայիսի 2025 - 16:59 AMT
Մամիջանյան․ ՀՀԿ–ն Փաշինյանին հեռացնելու ամենահավանական գործիքն այս պահին համարում է իմպիչմենտը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանությանը հեռացնելու համար ամենահավանական գործիքն այս պահին համարում է իմպիչմենտի գործընթացը, այլ ոչ թե փողոցային պայքարը: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, ուստի հիմա նրան հեռացնելու լավագույն ժամանակն է, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացը միակն է, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ մասնակցություն չունի և գործընթացի վրա էլ ազդեցություն չունի։

«Այդ և մի հազար այլ պատճառներով վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը համարում ենք ամենաիրատեսականն ու ամենահավանականն այս պահին»,-ասել է նա:

Մամիջանյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում այս պահին չի առաջադրում թեկնածու, որ առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնեն քաղաքական ամբիցիաներով:

«Մենք մինչ օրս նախորդ բոլոր շարժումների ընթացքում միշտ շարժվել ենք փողոցային պայքարի, փողոցային կոնսոլիդացիայի ճանապարհով, որպես վերջնարդյունք՝ անվստահություն հայտնելու գործընթաց տրամաբանությամբ: Նախաձեռնողների կողմից կա առաջարկ՝ հակառակ ճանապարհով գնալ, որպեսզի իմպիչմենտի գործընթացը լինի տրիգեր՝ փողոցային լայն կոնսոլիդացիայի համար»,-ասել է Մամիջանյանը:

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով ԱԺ պատգամավորներին նամակներ էին գրել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց սկսելու պատրաստակամություն էր հայտնել՝ շեշտելով, որ վարչապետի թեկնածու իրենք չեն առաջադրի և պատրաստ են քննարկումներ սկսել թեկնածուի շուրջ։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստան»-ը, կասկածի տակ էր դրել այս գործընթացը՝ շեշտելով, որ կասկածում են՝ արդյոք դրա նպատակը իշխանությանը հեռացնելն է, թե՞ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։

Իմպիչմենտի մեկ այլ նախաձեռնության մասին հայտարարեցին ԱԺ անկապ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այս նախաձեռնությանը, սակայն. ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չմիացան։