30 մայիսի 2025 - 17:16 AMT
Քոչարյանի գործով վկա ոստիկանը հակասական ցուցմունքներ է տվել

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատական նիստում ցուցմունք է տվել 2023-ի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը՝ Արմեն Խեչումյանը:

Վերջինիս՝ դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ընթացքում քննիչի մոտ տված ցուցմունքին, հայտնում է Factor.am-ը։

Դատարանը թույլատրել է հրապարակել ոստիկանի նախաքննական ցուցմունքների այն հատվածները, որոնք հակասում են վկայի՝ դատարանում տված ցուցմունքին: Մասնավորապես՝ վկան դատարանում հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի ցուցարարների մեջ տեսել է Լևոն Քոչարյանին, սակայն նրան որևէ ոստիկանի աշխատանք խոչընդոտելիս կամ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելիս չի տեսել: Հայտնել է նաև, որ չի տեսել շղթա կազմած քաղաքացիների:

Ոստիկանը հայտնել է նաև, որ ինքը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս ոստիկանների մեջ չի եղել, նրան չի մոտեցել:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ոստիկանը հայտնել է, որ Լևոն Քոչարյանը եղել է շղթա կազմած քաղաքացիների մեջ, որ ինքը մասնակցել է շղթան կազմաքանդելուն, որ Քոչարյանը, ի թիվս այլ անձանց, փորձել է խոչընդոտել ոստիկաններին շղթան կազմաքանդելուն:

Այն բանից հետո, երբ վկան դատավարության մասնակիցների՝ հակասությունները պարզաբանելուն միտված հարցերին ևս սկսել է հակասական ու իրարամերժ պատասխաններ տալ, դատարանը որոշել է դատարանում քննել վկայի նախաքննական ցուցմունքի տեսագրությունը: Տեսագրությունը դիտելուց հետո Խեչումյանն ասել է, որ ինքը նախաքննության ժամանակ ավելի լավ է հիշել իրադարձությունները։

Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դեպքի օրվա տեսագրությունները համացանցում առկա են, դրանցում ակնհայտ երևում է, որ Խեչումյանը շղթան կազմաքանդելու գործողություններին մասնակից չի եղել, Լևոն Քոչարյանին չի մոտեցել: Հակասությունները պարզելու վերաբերյալ տրված հետագա հարցերին պատասխանելիս Խեչումյանն ասում էր՝ «դե եթե էնտեղ տենց եմ ասել, ուրեմն տենց ա եղել»,- նկատի ունենալով իր հարցաքննության տեսագրությունը:

Դատարանում վկային հարց է ուղղվել նաև, թե ինչո՞ւ էին ոստիկանները ցանկանում շղթան քանդել, ինչ իրավախախտում էին կատարել քաղաքացիները, ինչին ի պատասխան վկան նշել է, որ ճանապարհն էին փակել:

Մեղադրյալ Սերգեյ Ասատուրովի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիտարկել է. արդյոք 2018-ին է՞լ էին փողոց փակելը ոստիկանները անօրինական վարքագիծ համարում՝ նկատի ունենալով, որ 2018-ի իշխանափոխության պահանջով ցույցերի ժամանակ հենց փողոց փակելու մեթոդն էր ընտրված՝ որպես բողոք արտահայտելու միջոց:

Դատարանում վկայի հարցաքննությունը շարունակվում է: